Միստիկ էտյուդներ 4 (Мистический этюд 4)

Պավլիկը շատ էր հավանում Զինոչկային: Երբ իմացավ, որ կիրակի օրը նա էլ է հրավիրված Լիսիցինների մոտ ճաշի՝ հազիվ համբերեց մինչև հանգստյան օրերը: Մերձմոսկովյան Վիտինյեվոյի ճանապարհն երբեք այդքան երկար չէր թվացել: Վերջին հանդիպման ժամանակ զգում էր, որ Զինոչկան էլ է իրեն հավանում ու անհամբերությամբ սպասում էր, թե երբ նորից կտեսնի նրան:

   Ինչպես միշտ ճաշկերույթն երկար էր ու ձանձրալի, բազմաքանակ, չափից դուրս խմող մարդկանցով, որոնք ցանկացած առիթով տափակ, անտեղին ու թեմայից դուրս կատակում էին, ու հաճախ անառիթ հռհռում:

    Չնայած Պավլիկն այստեղ միշտ ցանկալի հյուր էր, սակայն չէր սիրում  լինել Լիսիցինների տանը: Բայց Զինոչկան…

   Տեր իմ, ի՜նչ մաքուր, հուզիչ ու անմեղ է նրա դեմքը: Որքան համեստ, բայց և միևնույն ժամանակ, արժանապատվորեն ու ճաշակով է նա հագնվում: Ի՜նչ գեղեցիկ են նրա աչքերը՝ գաղտնիքներով լի, խորը, որոնք այլոց զգացումներից նրբանկատորեն թաքցնում են ինչ-որ զարմանալի ու դեռ հստակ չընդգծված, բայց որոշակիորեն ներկա ու կարծես միայն իր ժամին սպասող թրթռուն սերը:

   Զինոչկան…

   Պավլիկը, հսկա սեղանից աղմուկով վեր կացող հյուրերի ամբոխի մեջ, երբ հայտնվեց  Զինոչկայի կողքին՝ ցածր ձայնով, մի քիչ դավադրաբար առաջարկեց գնալ գյուղից այն կողմ շրջելու: Զինոչկան ուրախությամբ իսկույն համաձայնվեց. կարծես  նա էլ էր դրան սպասում:

   Երջանկությո՛ւն, երջանկությո՛ւն, երջանկությո՛ւն է  Զինոչկայի հետ այսպես, առանց ձևականության, քայլելը, խոսելով դատարկ բաներից ու կարևորել դա: Զգալ կողքիդ նրա թեթև շարժումները, նրա կենտրոնացած ուշադրությունն ու  գրեթե անլսելի, հազիվ ըմբռնելի ու հիմա այնքան մոտիկ ու չգիտես, թե ինչու հարազատ շնչառությունը: Տեր իմ, հենց այս  է, այստեղ ու հիմա, հենց այս է իրական , հրաշալի գույներով լի կյանքը: Հենց սա է չքնաղ ներքին թրթիռն ու հրաշքի սպասումը:

   Հենց սա է իսկական երջանկությունը:

   Երջանկությո՛ւն, երջանկությո՛ւն:

- Պավել, նրանք մեզ չեն կծի՞,- թաքնվելով Պավլիկի լայն ուսերի ետևում՝ վախեցած, բայց և չմոռանալով կանացի կոկետության մասին, հարցրեց Զինոչկան:

- Ո՛չ,- վստահ պատասխանեց Պավլիկը:-Ո՛չ,- փորձելով, որքան հնարավոր է պահպանել հանգստությունը, կրկնում էր նա, նայելով, չարությամբ ատամները բացած, արագ մոտեցող շներին: Բանն այն է, որ նա մանկուց ոչ միայն չէր սիրում, անգամ սարսափում էր շներից: Հնարավոր է, որ նա վախենում էր, որովհետև չէր սիրում կամ էլ չէր սիրում, որովհետև վախենում էր: Ի դեպ, նրա ողջ կյանքում շները, ինչպես կարող էին ու որտեղ կարող էին, հիշեցնում էին Պավլիկին նրանց հանդեպ իր հակակրանքը, և դրանով լցված, առաջին իսկ հնարավորության դեպքում, համապատասխանաբար իսկույն պատասխանում էին: Այժմ հնարավորությունը չափազանց հարմար էր: Ըստ էության շների համար ավելի հարմար չէր էլ կարող լինել: Իրենց հակակրանքն արտահայտելու համար ավելի լավ չես հորինի. շուրջը ոչ մի հոգի, ամայի դաշտ, թաքնվելու ոչ մի տեղ չկա, հաստլիկ, դանդալոշ Պավլիկն է ու նրա թիկունքում դողացող Զինոչկան: Ու այս ամենին գումարած՝ շների էական քանակական առավելությունը:

   Ճիշտն ասած՝ Պավլիկը վախեցավ, բայց կյանքում առաջին անգամ ոչ թե իր, այլ՝ Զինոչկայի համար, այլ ստուգաապե՛ս Զինոչկայի համար: Նա չէր ուզում, որ շները Զինոչկային վնասեին: Եվ հետո վախենում էր, որ հիմար ու թշվառ կերևա Զինոչկայի աչքում, որ չի կարողանա պաշտպանել նրան: Չէ՞ որ նա, թեկուզ և հաստլիկ ու դանդալոշ, բայց, ամեն դեպքում, տղամարդ է:

   Հա, իրավիճակը…

<< Հենց ՀԻՄԱ ու հենց ԱՅՍՏԵՂ մեզ կգզեն շները>>. Մտածեց նա՝ ավելի շատ վախենալով հենց Զինոչկայի ու հենց բուն իրավիճակի համար: ԱՅՍՏԵՂ ու ՀԻՄԱ: Հենց ՀԻՄԱ ու հենց ԱՅՍՏԵՂ: Հենց պատառ-պատառ… ռռռ… Եվ այսպես՝ Պավլիկը չէր ուզում դրա հետ համաձայնել: Բայց հանկարծ, միանգամայն տարօրինակ կերպով, հենց այստեղ ու հենց հիմա նա որոշեց, որ ինքը արջ է: Ու հենց որ Պավլիկը որոշեց, որ արջ է, վախից այնպես ուժեղ հավատաց դրան, որ իսկույն հենց արջ էլ դառավ: Ու դառնալով՝ առանց մի րոպե հապաղելու, չորս թաթերով իջավ խոտերի վրա ու ծռակող, օրորվելով տասնյակ մետրեր վազեց դեռ ոչինչ չհասկացող շների ուղղությամբ: Հաշվի առնելով միանգամից փոխված տարածա - էութենական հանգամանքը՝ շարունակել Արջ-Պավլիկին սրնթաց մոտենալը հիմարություն ու ավելորդ խիզախություն էր: Երբ հայացքով համարյա կիպ հանդիպեց շների առաջնորդին՝ նա անփույթ նստեց իր ծանրացած քամակին ու ատամները բացեց: Իսկ հետո անսպասելի կատաղի ծառացավ ետևի թաթերի վրա, իսկ առջևինները սպառնալից բարձրացրեց ու… հենց այստեղ ու հենց հիմա մռնչաց: Բնական, չարորեն, մարտականորեն ու ջղայնացած: Իրապես արջաբար, գազանաբար: Հեքիաթային գեղեցիկ էր: Իսկ ավելի ճիշտ՝ վիպերգական էր:

   Ի վերջո, երբ Պավլիկը վերագտավ մարդու նման մտածելու ունակությունը, հետևաբար՝ բնականը և, երբ տեսավ վախից պոչերը կծկած ամոթալի ու խեղճացած փաղչող ոհմակին՝  Պավլիկ-Արջն առաջին հերթին շրջվեց, որ տեսնի Զինոչկային:

   Զինան անշարժ կանգնած էր նույն տեղում, որտեղ Պավլիկը նրան թողել էր: Ձեռքերը կրծքին սեղմած նա նայում էր դեռ ամբողջությամբ մարդուն չվերագտած Պավլիկին: Հենց այնպես չէր նայում, այլ իր լայն բացած աչքերից հզոր էներգետիկ հոսք էր բխեցնում ընդմիշտ այլափոխված տիեզերքին ընդառաջ:

1. Անսահման հիացմունք

2. Բերկրանք

3. Հափշտակվածություն

4. Սե՛ր, սե՛ր, սե՛ր

   <<Պաշա>>. արտաբերեց նա հեղեղող հույզերից տառացիորեն խեղդվելով, ակնթարթորեն հաղթահարելով իրարից բաժանող տարածությունը՝ փոքր-ինչ գեղարվեստորեն փարվեց Պավլիկի կրծքին:

 - Պաշա,- կրկնեց նա, զգացմունքների հրավառության պոռթկումից  համարյա կորցնելով գիտակցությունը և չգիտես ինչու արտասվեց: - Ի՜նչ ուժեղ ես դու,- տաք հեկեկանքի միջից միայն այս խոսքերը վերջապես կարողացավ արտաբերել Զինոչկան:

 

   Շներից Պավլիկն այլևս չէր վախենում: Իհարկե, չի կարելի ասել, որ նա սկսեց  նրանց սիրել, բայց նրան հանդիպելիս անգամ ամենավայրագ շները խոնարհում են հայացքները, սեղմում ականջներն ու փորձում են անձայն ու արագորեն սողոսկել:

   Զինոչկան շատ է սիրում իր ամուսնուն, հպարտանում նրանով ու ամեն պատեհ առիթով պատմում է ընկերուհիներին, թե որքան խիզախ է նա: Եվ, որ նրա հետ ինքը ոչ մի բանից չի վախենում:

   Եվ, ինչպես ընդունված է  լավատեսորեն լիցքավորված բոլոր պատմություններում, նա նրա համար որդիներ ծնեց: Այս դեպքում՝ երեք: Ի դեպ՝ ոչ միայն խելամիտ, այլև մեկը մյուսից խիզախ:

 

Հ.Գ.   Պատմությունը հիմնված է իրական դեպքի վրա: Հերոսների իսկակն անունները, խուսափելով հնարավոր անախորժություններից, հեղինակի կողմից հեռատեսորեն փոխված են:

   Բոլոր ընթերցողներին խնդրվում է պատմվածքում ներկայացված <<Այստեղ ու հիմա>> հասկացությունն ընդունել, որպես հնարավոր տեսանկյուններից միայն մեկը: Եվ ոչ մի դեպքում՝ անավարտ, սեփական ու պարտադիր քննադատություն պահանջող իմաստավորում: